
19-րդ դարի կեսերին, երբ երկիրը բացում էր իր դռները արևմտյան աշխարհի առաջ, սամուրայների դարաշրջանը մոտենում էր իր ավարտին։ Այդ փոփոխությունների հորձանուտում կանգնած էր մի մարդ, ով դարձավ անցնող դարաշրջանի խորհրդանիշը և պատմության մեջ մտավ որպես «Վերջին սամուրայ»։ Նրա անունն էր Սայգո Տակամորի։
Սայգո Տակամորին (1828-1877) ծնվել է Սացումա կլանում, որը հայտնի էր իր զինվորական ավանդույթներով և ուժեղ սամուրայական ոգով։ Նա ոչ թե ազնվական էր, այլ ցածր աստիճանի սամուրայ, որն իր տաղանդի, խարիզմայի և բարոյական անբասիրության շնորհիվ բարձրացավ մինչև ազդեցիկ գեներալի մակարդակ։
1860-ական թվականներին Ճապոնիան գտնվում էր քաղաքական ճգնաժամի մեջ։ Շոգունի իշխանությունը թուլացել էր, և Ճապոնիայի նավահանգիստների բացումը արևմտյան երկրների համար հանգեցրել էր սամուրայների և հասարակության լայն դժգոհությանը։ Սայգոն դարձավ այն շարժման առաջնորդներից մեկը, որը նպատակ ուներ վերականգնել կայսերական իշխանությունը և վերջ տալ շոգունատի դարավոր կառավարմանը։
Նա կարևոր դեր խաղաց Մեյձիի վերականգնման մեջ (1868 թ.), որը վերականգնեց կայսրի իրական իշխանությունը և սկիզբ դրեց Ճապոնիայի արդիականացմանը։ Շատերի աչքում նա հերոս էր, ով պայքարեց հայրենիքի անկախության և ինքնության պահպանման համար։
Մեյձիի վերականգնումից հետո, սակայն, Սայգոն հայտնվեց մի իրավիճակում, որը հակասում էր իր սկզբունքներին։ Նոր կառավարությունը սկսեց ակտիվորեն արդիականացնել Ճապոնիան՝ ընդօրինակելով արևմտյան ռազմական, քաղաքական և տնտեսական համակարգերը։ Սամուրայական դասակարգը, որը դարեր շարունակ եղել էր իշխող էլիտան, կորցնում էր իր կարգավիճակը և արտոնությունները։
Սայգո Տակամորին, որը պաշտպանում էր սամուրայի կոդը՝ բուսիդոն, չէր կարող ընդունել այդ փոփոխությունները։ Նա հեռացավ կառավարությունից և վերադարձավ իր հայրենի Սացումա, որտեղ հիմնեց սամուրայների ակադեմիաներ՝ փորձելով պահպանել սամուրայական ոգին։ Նա հավատում էր, որ նոր կառավարությունը մոռացել է իր արմատները և դավաճանել է իրենց պայքարի իդեալներին։
1877 թվականին սամուրայների դժգոհությունը վերածվեց բաց ապստամբության։ Սայգոյի ղեկավարությամամբ՝ հազարավոր սամուրայներ ոտքի ելան ընդդեմ կայսերական բանակի, որն արդեն արդիականացված էր և զինված արևմտյան զենքերով։
Այս պատերազմը պատմության մեջ հայտնի է որպես Սացումայի ապստամբություն։ Դա դասական սամուրայական մարտիկների և ժամանակակից բանակի միջև վերջին մեծ բախումն էր։ Չնայած Սայգոյի զորքի աննկարագրելի քաջությանը, նրանք պարտվեցին ճակատամարտում։
Վերջին ճակատամարտի ժամանակ, երբ Սայգոն և նրա մնացած զինվորները շրջապատված էին, նա ավանդույթի համաձայն կատարեց սեպպուկու՝ ծիսական ինքնասպանություն՝ պահպանելու իր պատիվը։ Թեև նրա մարմնի մնացորդները այդպես էլ չգտնվեցին, նրա մահը դարձավ սամուրայների դարաշրջանի վերջին ակորդը։
Սայգո Տակամորիի կյանքը մի բարդ պատմություն է հավատարմության, պատվի և փոփոխությունների դեմ պայքարի մասին։ Նա մի մարդ էր, ով հավատում էր, որ արդիականացումը չպետք է նշանակի ինքնության կորուստ։
Նա ոչ թե միայն հեղափոխության հերոս էր, այլև ավարտված դարաշրջանի տխուր խորհրդանիշ։ Նրա կերպարը շարունակում է ոգեշնչել գրողներին և կինոռեժիսորներին ամբողջ աշխարհում՝ հավերժացնելով նրան որպես «Վերջին սամուրայ»։