
Այս լուսավոր կերպարի կյանքում կար նաև մի մութ կողմ՝ նրա հավատքի խորը ճգնաժամը, որը ինքը անվանում էր «ներքին խավար»։
Մայր Թերեզան ծնվել է 1910 թ. օգոստոսի 26-ին Սկոպիե քաղաքում՝ Ագնես Գոնջա Բոյաջու անունով։ Ծնողները՝ Նիկոլան և Դրանան, ալբանացիներ էին, որոնք մեծ դեր ունեցան իր մարդասիրական հայացքների ձևավորման մեջ։ Հոր խոսքերը՝ «Ոչ մի պատառ չուտես, առանց որևէ մեկի հետ կիսելու», խորը դրոշմ թողեցին նրա հիշողության մեջ։
Ագնեսի կյանքը կտրուկ փոխվեց, երբ ութ տարեկանում անսպասելիորեն մահացավ հայրը։ Ընտանիքի ողջ բեռը մնաց մոր ուսերին, ով չնայած դժվարություններին, իր երեխաներին դաստիարակում էր մեծ սիրով և հավատքով։ Նրանց տան դռները միշտ բաց էին աղքատների համար, և Ագնեսը մանկուց ականատես էր լինում մարդկային տառապանքին։
Դեռ վաղ տարիքից Ագնեսը զգում էր իր կրոնական կոչումը։ 1928 թ. նա կայացրեց վերջնական որոշում՝ մեկնել առաքելությունների և իրեն նվիրել Աստծուն։ Թողնելով իր բոլոր երազանքները, նա մեկնեց Հնդկաստան՝ միանալով «Լորետոյի միանձնուհիներ» միաբանությանը։ Նա ընտրեց Թերեզա անունը՝ ի պատիվ իր պահապան սրբուհի Լիզիոյի Թերեզայի, և որդեգրեց նրա փիլիսոփայությունը. «Իմ փոքրիկ ճանապարհը մանկության հոգևոր ճանապարհն է՝ վստահության և անսահման անձնուրացության ճանապարհը»։
Չնայած իր նվիրվածությանը, Թերեզան զգում էր, որ ինչ-որ բան պակասում է։ Նա «դատարկություն» էր զգում և չէր գոհանում իր արածից։ Այդ զգացողությունը հասավ իր գագաթնակետին 1946 թ., երբ գնացքով ճանապարհորդելիս նա ստացավ այսպես կոչված «կոչումը կոչման մեջ»։ Նա լսեց մի ձայն, որը «հրամայում էր թողնել ամեն բան և ծառայել Նրան գետնախորշերում, փողոցներում, աղքատից ամենաաղքատի միջոցով»։
Ստանալով Հռոմի թույլտվությունը, նա թողեց իր միաբանությունը և սկսեց իր նոր առաքելությունը՝ ընտրելով պարզ սպիտակ սարի որպես համազգեստ։ Այս որոշումը բուռն քննադատությունների առիթ դարձավ, բայց նա մնաց իր որոշմանը հավատարիմ։ Նա հիմնեց «Գթության միսիոներներ» միաբանությունը և դարձավ Մայր Թերեզա։ Նրա նպատակն էր աղքատներին ոչ միայն սնունդ և օթևան տալ, այլ նաև «գեղեցիկ» և «բարի» մահ ապահովել՝ զերծ պահելով նրանց փողոցում մահանալուց։
Չնայած իր բացառիկ նվիրումին, Մայր Թերեզան պայքարում էր հավատքի խորը ճգնաժամի դեմ։ Նրա մահվանից հետո հրապարակված նամակները բացահայտեցին, որ իր կյանքի վերջին 50 տարիներին նա զգում էր Աստծու բացակայությունը։ Նա գրում էր. «Ես փնտրում եմ, բայց չեմ տեսնում. լսում եմ, բայց չեմ լսում... Սիրտը լի է դատարկությամբ»։
Այս ներքին խավարը չէր կանգնեցնում նրան իր առաքելությունից։ Մի անգամ, երբ նա չէր կարողանում մոտենալ քոսով պատված մի կնոջ, աղոթեց, վերադարձավ և սիրով խնամեց նրան։ Այս դեպքը նրա համար նշան էր, որ «Քրիստոսի սերն ու իմ սերը դեպի Քրիստոսն ավելի ուժեղ են, քան իմ թուլությունը»։ Մայր Թերեզան ապացուցեց, որ հավատքը միշտ չէ, որ գալիս է հոգևոր հարմարավետությամբ, այլև պահանջում է պայքար և անսասանություն՝ նույնիսկ ամենամութ պահերին։
Մայր Թերեզան հաճախ էր ասում, որ իր արածը «կաթիլ է օվկիանոսի մեջ», բայց հավելում էր. «եթե դրանք չանեմ՝ այդ մի կաթիլն էլ կպակասի»։ Նրա հիմնադրած միաբանությունը տարածվեց աշխարհով մեկ, և նա արժանացավ բազմաթիվ մրցանակների, ներառյալ՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը (1979)։
Նրա կյանքի ամենակարևոր դասերից մեկը շարունակական բարությունն է՝ անկախ քննադատությունից և անտարբերությունից։ Իր 10 թեզիսներից մեկում նա ասում է. «Եթե Դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույնն է՝ բարություն գործեք»։
Թերեզա Մայրիկի 87-ամյա կյանքը, որն ավարտվեց 1997 թ. սեպտեմբերի 5-ին, ապացուցեց, որ իրական սերը և ծառայությունը կարող են հաղթահարել ցանկացած ներքին կասկած և արտաքին մարտահրավեր։ Նրա հավատքը, որը փորձվեց խավարով, նրան դարձրեց ոչ միայն սուրբ, այլև հավերժական մարդկային ոգու խորհրդանիշ։